ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Երբ ծառը կտրես արմատից` կչորանա

Երբ ծառը կտրես արմատից` կչորանա
18.12.2018 | 00:08

«Որովհետև շատերը, րոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի Խաչի» (Փիլ. 3; 18-19)։
Պողոս աստվածախոս առաքյալը կարծես մեր օրերի համար ասած լինի այդ: Շատ անգամ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք Տիրոջ փրկարար խաչի խորհրդանիշը իրենց վրա կրելով, բազում ու բազմաթիվ մեղքերի մեջ են ընկղմված` շնություն, գողություն, կաշառակերություն, ընչաքաղցություն...:


Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն, և փրկություն նրանց համար, ովքեր երկրպագում են: Եթե նախկինում մարդիկ իրենց կյանքն էին նվիրաբերում հանուն Քրիստոսի` նահատակության պսակը կրելով հավիտենական կյանքի համար, այսօր պատկերը փոխվել և աստվածհայհոյության է վերածվել: Խաչանարգ ու աստվածամերժ այս դարում մարդիկ մոռացել են Քրիստոսի գթառատ սերը և լցվել ատելությամբ, ասում են, թե քրիստոնյա են, բայց անարգում են Քրիստոսին և նրա կենսաբեր Խաչը իրենց անբարո կեցվածքով, ասում են, թե Աստված կա, բայց աստվածհայհոյության մեջ են կորչում իրենց հակառակը վկայող գործերով: Մարդը սովոր է արդարացնելու ինքն իրեն, որպեսզի արդարացնի մեղքը, ինչը հատուկ է սատանային: Անաստված այս դարում աստվածապատկեր մարդը դարձել է դրսից աստվածապաշտ, ներսից աստվածանարգ, իսկ ոմանք` անաստված: Կորցրել ենք երկյուղն Աստծո հանդեպ և չենք էլ մտածում, որ մեղքերի մեջ ենք ու դեպի դժոխք ենք ուղղորդում մեր ընտրած կյանքի ուղին: Կյանքի հորձանուտը անդունդ է նետել մարդ արարածին, կորացրել մեղքերի մեջ և ուղղորդել աստվածանարգության: Հետ նայենք ու կտեսնենք, որ մեր հայրերը իրենց կյանքի ողջ իմաստը Խաչի մեջ են տեսել: Մեր սուրբ հայրերը հստակ գիտակցում էին, որ հրաժարվել Խաչից նշանակում է հոգեպես մերկանալ ու բարոյազրկվել: Խաչի խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատքը` նախ Քրիստոսի, ապա մեր սրբազան Եկեղեցու ու նրա ավանդույթների նկատմամբ: ՈՒ եթե այսօր մենք ցավեր ու դժբախտություններ, ներքին խռովք ու տագնապներ ունենք, նշանակում է` Խաչից հեռացել ու Նրա խորհուրդն ենք ուրացել և, որ առավել սոսկալի է, անարգել ենք մեր անօրեն ապրած կյանքի իրականությամբ:


Դարեր ի վեր մեր նվիրումը Քրիստոսի վարդապետության հանդեպ, մեր հավատքը Նրա կենսաբեր Խաչին պահպանել են մեր հայ տեսակը, առավել ևս թույլ տվել որպես ազգ, որպես ժողովուրդ գոյատևել: Երբ ծառը կտրես արմատից` կչորանա, երբ այրես` կմոխրանա: Մենք, աստվածուրացության մեղքի մեջ ընկնելով, չորանում ենք, անարգելով Տիրոջ փրկարար խաչը` մոխրանում, և որ առավել ցավալի է` կամաց-կամաց դադարում ենք որպես ազգ, ժողովուրդ գոյատևելուց:
Երբ որևէ մեկին լքում է բանականությունը, սկսում են գերիշխել բնազդն ու բնազդային կրքերը, որ հատուկ են չորքոտանի կենդանիներին, հետևաբար, նման մարդուց խաղաղություն, անշահախնդրություն, սեր, նվիրվածություն սպասելը միամտություն կլինի, իսկ եթե մարդը բանականության և հավատքի մեջ է, նրա մեջ գերիշխում են հավատն ու դրանից բխած աստվածահաճո բարի գործերը, որով նա վերահաստատում է Քրիստոսի, Նրա փրկարար Խաչի հանդեպ իր հավատը, նվիրումը:


Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես ընտրության առջև ենք կանգնած, մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, ըստ մեր ընտրածի` ստանում համարժեք պատասխան:
Եթե հարատևենք անհավատության և աստվածանարգության մեջ, մի օր պետք է զղջանք, բայց ուշացած, անօգուտ և ենթակա Աստծո դատաստանին: «Մինչ հիվանդանալը հոգ տար քեզ համար»,- ասում է իմաստունը, իսկ ժողովրդական ասացվածքն ասում է. «Վնասի կեսից հետ դառնաս, օգուտը քոնն է»: Աստված մեր առջև կրակ և ջուր է դրել ընտրության իրավունքով. մեկով կզովանանք, մյուսի մեջ ընկնելով` կայրվենք:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ